Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այսօր մենք ունենք ներկայանալի, մրցունակ գրականություն, գրական հուսալի հերթափոխ»

«Այսօր մենք ունենք ներկայանալի, մրցունակ գրականություն, գրական հուսալի հերթափոխ»
29.09.2009 | 00:00

«Գրված է, թե Հայաստանի գրողների միությունը 75 տարեկան է, իրականում այն 750, 1750 ու ավելի տարեկան է, իրականում այնքան հին է, որքան հին է հայ գրականությունը»։ Այս խոսքերով սկսվեց Հայաստանի գրողների միության 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունը: Միջոցառումը կայացավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, քանի որ գրողների միության դահլիճի վերանորոգումը դեռևս ավարտված չէ:
ՀԳՄ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1934-ի օգոստոսի 1-5-ը` նախօրինակ ունենալով 20-ական թվականների Խորհրդային Հայաստանի առաջին գրական կազմակերպությունները: ՀԳՄ-ն ղեկավարել են Ավետիք Իսահակյանը, Էդուարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթևոսյանը:
Գրողների միության ներկայիս նախագահ Լևոն Անանյանն իր խոսքը սկսեց 1946-ին ՀԳՄ երկրորդ համագումարում Ավետիք Իսահակյանի միասնության կոչի մասին հիշատակումով: Որքա՞ն են միասնական գրողներն այսօր, դժվար է ասել: Հակասական կարծիքներ կարելի է լսել անգամ «ոչ ընդդիմադիր» գրողներից, ընդհուպ կասկած այն մասին` արդյոք անհրաժե՞շտ է ու կարևոր գրողների միության գոյությունը:
«Քսանական թվականների մեր գրական կազմակերպությունները որոշեցին միավորվել, եղավ այն մտայնությունը, որ այս հատվածայնությունը չի կարող նպաստել հայ գրականության զարգացմանը,- ՀԳՄ-ի ստեղծման պատմությանն անդրադարձավ Լևոն Անանյանը:- Հայ գրողները (իրենց ուղեցույց բարձրակետերով` Իսահակյանից ու Չարենցից մինչև 20-րդ դարավերջի բանաստեղծական աստղաբույլն ու Հրանտ Մաթևոսյան) ստեղծել են մեծ, հզոր գրականություն, որ սերունդներ է կրթել, ժողովրդի հոգում բորբոք պահել ազգային-հայրենասիրական կրակը: Մեր օրերում նկատելի կորուստ է ընթերցանության անկումը, որն աստիճանաբար հաղթահարվում է: Այսօր մենք ունենք ներկայանալի, մրցունակ գրականություն հավասարապես բոլոր ժանրերում` արձակ, պոեզիա, դրամատուրգիա, հրապարակագրություն: ՈՒնենք գրական հուսալի հերթափոխ»:
ՀԳՄ նախագահը չցանկացավ անուններ թվարկել, որովհետև, իր իսկ խոսքով` գրական արժեքների ճշմարիտ դատավորը ժամանակն է ու ընթերցողը: Թեև, ինչ խոսք, անունները շատ են` սկսած Ռուզաննա Ոսկանյանից, որ քսանամյա իր տարիքում արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի, մինչև Բոգդան Ջանյան, ով այսօր էլ շարունակում է ստեղծագործել երիտասարդական տարերքով: Նախագահը խոսեց նաև ընթացիկ ծրագրերի մասին: Օրերս ՀԲԸՄ աջակցությամբ և ամերիկացի գրող Թորգոմ Փոսթանճյանի ջանքերով գրողների տան ներքնահարկում կբացվի Լևոն Զավեն Սյուրմելյանի անվան տպարանը: Ջանքեր են գործադրվում գրական մամուլի համար ստեղծելու հոնորարային հիմնադրամ: Մշակվել և իրագործվում է արդի գրականության արժեքները թարգմանաբար միջազգային ընթերցողին հասցնելու ծրագիրը: Լոս Անջելեսում կկայանա օտարագիր հայ գրողների երրորդ համաժողովը: Արցախում տեղի կունենա համահայկական գրական համաժողով:
Հանդիսության ժամանակ շնորհվեցին մի շարք մրցանակներ` արձակագիր Վահագն Մուղնեցյանին (Ծովակալ Իսակովի մեդալ), արձակագիր Վրեժ Իսրաելյանին (Անդրանիկ Օզանյանի մեդալ) և այլոց: ՀՀ ոստիկանության կողմից Լևոն Անանյանն արժանացավ «Համագործակցության համար» մրցանակի:
Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը հայտնեց, որ մշակույթի նախարարությունը որոշել է պետական աջակցություն ցուցաբերել ՀԳՄ երեք պարբերականներին («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա»)` համալրելու համար պետական հոնորարային ֆոնդը:
Ի տարբերություն հունիսի 4-ին մեկնարկած Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարի, տոնական այս հանդիսությունն այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ հասարակության, հատկապես լրատվամիջոցների կողմից: Թեև լրագրողների մուտքն այս անգամ ազատ էր: Գրողների զգալի մասը (իհարկե, ոչ բոլորը) ներկա էր հանդիսությանը: Ոմանք լքում էին դահլիճը մինչ հանդիսության ավարտը: Կային հյուրեր նաև սփյուռքից ու Արցախից: Միջոցառման հանգիստ ընթացքը, կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ելույթի ժամանակ, փոքր-ինչ խախտեց բանաստեղծ Վարդան Վանատուրը` բարձրաձայնելով իր դժգոհությունն առ այն, որ «նախկինում կենտկոմի քարտուղարը, վարչապետը կգար, կգնահատեր, ոչ մեկը չկա այստեղ, ամոթ է, արհամարհանք…»: Հուզական այս պոռթկումը հումորով ընդունեց Ռոբերտ Ամիրխանյանը` համարելով դա կարճատև պաուզա, որի ընթացքում առաջ քաշեցին դաշնամուրը:
Չնայած վերջին ժամանակներում գրողների միության շուրջ բարձրացած աղմուկին, կասկածելի «միասնության» և այլ խնդիրների առնչվող, այնուամենայնիվ, ՀԳՄ-ն ունի իր պատմությունը, հիշատակելու արժանի անցյալ, հարուստ կենսագրություն, որն այսօր էլ շարունակվում է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ